Մարաղայի կոտորածը իմ աչքերով

Ես Վալերի Վարդկեզի Ղազարյանն եմ, ծնված 1989 թվականին Մարտակերտի շրջանի Լենինավան, կամ ոնց մեր գյուղացիք էին ասում Մարգուշեվանում, Լենինավանը և Մարաղան բաժանում էր մեկ փողոց:
3 տարեկան էի, երբ փախանք գյուղից։ Մի կերպ փախանք, ես մորս գրկում էի, եղբայրներս ու քույրս ձեռք ձեռքի բռնած։ Շենքի մնացած բնակիչների հետ դուրս էինք գալիս երբ գրադի ռումբը մեզ մոտ պայթեց ու ալիքը (վալնան) եղբորս՝ Վիտալիին, շպրտեց ուղիղ քարի վրա, միանգամից ուշաթափվեց։ Մայրս ինձ տվեց քրոջս՝ Մանյաին, գրկեց եղբորս ու շարոնակեցինք վազել, ժամանակ չկար․ ապրել էինք ուզում:
Ճանապարհին մեզ ընդառաջ տանկ էր գալիս, պարզվեց մերն էր, մի կերպ տեղավորվեցինք առանց այն էլ մարդաշատ տանկի վրա, նույնիսկ ադյալով կախված մարդ կար տանկի փողից։ Տեղ չկար, տեղավորվում էին ոնց հնարավոր էր։ Մայրս ժամանակ առ ժամանակ աչքերս փակում եր, սեղմում էր կրծքին, որ չտեսնեմ այդ դաժան տեսարանները։
Այդ ժամանակ Մարաղան Գողգոթան էր, բայց ավելի սարսափելի ու դաժան:
5 ժամվա ընթացքում թուրքերը այրել էին Մարաղայի 175 տուն, սպանել ավելին քան 90 խաղաղ բնակչի, ծեր ու մանուկ, ձեր պատկերացրած ամենադաժան ձևով։ Իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք մարդուն ծառից կապած և մեջտեղից կիսած, կամ 4 մասի բաժանած, կամ ականջները կտրած, աչքերը հանած, ողջ-ողջ հրկիզած։ Իսկ Մարաղեցին տեսել է դա, ասեմ ավելին, տուժածները իրենց իսկ հարազատներն էին …

Գերեվարել են ավելին քան 81 մարդ, որից 9-ը երեխա, 29 և ավելի կին, սրանք պաշտոնական թվեր են: Գյուղը ազատագրվեց հաջորդ իսկ օրը, Ռոմա Կարապետյանի (Պադուբինի) 200 հոգանոց ջոկատի և Մարտակերտի ու Մաղավուզի ջոկատների օգնությամբ, տեսարանը անմարդկային էր, գյուղը կարծես ավերված գերեզմանոց լիներ: Բայց երկար չկարողացան պահել գյուղը, ուժերը անհամեմատ շատ էին, իսկ թինկուքը և կողքի գյուղերը գրավված։ Մարաղեցիները ստիպված էին լքել իրենց տները և ապաստան գտնել այլ գյուղերում:

995-ին Վագիֆ Համբարձումյանի գլխավորությամբ ազատագրված տարածքում հիմնեցին Նոր Մարաղա գյուղը, որտեղ ապրում էին Լենինավանից և Մարաղայից մազապուրծ փրկված մարդիկ։ Այդ թվում նաև ես : Մի ամբողջ կյանք ունեմ Մարաղայում թողած, մի ամբողջ կյանքի պատմություն, այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էինք մենք մեր ձեռքերով Ընկեր Կարապետյանի հետ դպրոցի մարզադաշտ կառուցում, Ընկեր Վանյանի հետ բանաստեղծություններ գրում։ Հիշում եմ ինձ ասում էր․ «Եթե չշարունակես ստեղծագործել, քեզ նույն դասարանում կթողնեմ»։ Հիշում եմ 2000-2001 թվականին Ծովինար Գրիգորյանի գլխավորությամբ մեր Նոր Մարաղայի դպրոցի «Տրդատ Թագավոր» թատերական ներկայացումով հանրապետությունում առաջին տեղը գրավեցինք։ Ես Մուրիկն էի՝ թագավորի գաղտնի խորհրդականը: Գիտեք՞ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, 1992-ի ապրիլի 10 տեսած Մարաղեցիները, որոնք Նոր Մարաղայում զրոյից փորձում էին ստեղծել, կառուցել, ապրել ու արարել, 2021 թվականի նոյեմբերին նորից կորցրեցին ամեն ինչ: Եվ ինչպես 1992-ին այնպես ել 2020- ին և առ այսօր միջազգային հանրությունը լուռ է, հայը՝ անտեսված, Արցախցին՝ պառակտված ու եռակի տուժված: Խոնարհվում եմ բոլոր նահատակների առաջ, և ներողություն եմ խնդրում, որ ես ու մենք չկարողացանք պահել ձեր և մեր հայրենիքը։ Բայց նաև ուզում եմ արձանագրել մի շատ կարևոր փաստ ու խնդրում եմ հիշեք՝ Մենք Դեռ Կանք։